Նորություններ
Բեռնում է...
воскресенье, 21 сентября 2014 г.

Սեբաստացիների համար անկախության օրը միշտ էլ առանձնահատուկ է, ու որպես հին ու բարի ավանդույթ՝ միշտ նշում ենք որևէ բարձունք հաղթահարելով: Այս անգամ մեր թիրախը դարձավ Արագածի հարավային գագաթը (3879մ): Չնայած օդերևութաբանների ոչ այդքան բարեհաջող կանխատեսումների՝ տոնի նախորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երկու մեծ խումբ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից բռնեցին դեպի Արագած տանող ճամփան: Խումբը գլխավորում էր Գևորգ Հակոբյանը, ով կրթահամալիրցիներից Արագած բարձրացողների շարքում բացարձակ ռեկորդակիր է: Խմբում շատ էին տարբեր տարիքի սեբաստացիները, մի մասը սովորելու տարիների մեզ անհայտ պատճառներով չի հաղթահարել Արագածը, ուստի ճիշտ ժամանակն էր այդ բացը լրացնելու: Հատկանշական էր, որ վարժարանի շրջանավարտներ Շուշանն ու Գարիկը այդ բացը լրացնում էին դպրոցն ավարտելուց բավական ժամանակ անց:
Արագածը այնքան էլ հյուրընկալ չգտվեց մեր հանդեպ. արդեն լանջերին հասցրինք զգալ արագածյան ցուրտ քամու զորությունը, իսկ հաղթահարվելիք գագաթը պատված էր մշուշով: Ինչևէ, ոչինչ մեզ հետ չի կարող պահել մեր նպատակից: «Արագածը էսպիսինն է, անընդհատ եղանակը փոխվում է», -ասաց տիար Գևորգն ու ընկանք ճամփա: Քայլելով մոտ երկու ժամ ու հայտնվելով մոտ 3750 մ բարձրության վրա, արդեն մռայլ ամպերը խոչընդոտ չեն, քանզի մեզանից ներքև էին մնացել: Իրոք որ Արագածում եղանակը արագ է փոխվում, բոլորը համոզվեցին, քանի որ մերթ ընդ մերթ կարողանում էինք հիանալ այն տեսարանով, որ մեզ թույլ էին տալիս տեսնել ամպերը:
Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Ֆիքսված ժամից ուղիղ երեք ժամ անց խմբի վերջին անդամը հասավ Արագածի գագաթը: Բոլորը հիացած և ուրախացած էին և՛ բացվող սքանչելի տեսարանով, և՛ իրենց կատարած սխրանքից:
 Մի փոքր հիանալով աննման տեսարանով և գլխավերևում ծածանելով հայոց եռագույնը՝ բռնեցինք ետդարձի ճամփան: Վայրէջքի ժամանակ եղանակն ավելի անգութ էր, սակայն որևէ կերպ չազդեց մեր բարձր տրամադրության վրա: Երբ տունդարձի ճանապարհին մի փոքր կանգ առանք ու հայացքներս հառեցիքն մեր հաղթահարած բարձունքին ու նկատեցինք Արագածը ձյունի մեջ թաղված, զգացողություններն ուղղակի աննկարագրելի էին:
Էհ ճերմակ ու վեհ Արագած, դեռ քանի քանի՜ սեբաստացիներ են քեզ մոտ գալու, արագածյան մկրտություն ստանալու համար:
Հ.Գ. Արագածյան մկրտությունը ողջ ճամփորդության գագաթնակետն է, որը չի կարելի նկարագրել. այն տեսնել ու զգալ է պետք:


0 коммент.:

Отправить комментарий