Գանձասար վանական
համալիր է Արցախում, Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ
նահանգի Մեծ Առանք
գավառում։ Իր անունն
ստացել է Վանք
գյուղի դիմաց գտնվող
բլրի անունից, որի
ընդերքում կան արծաթի
և այլ մետաղների հանքեր։
Գանձասարը առաջնորդարան էր
և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ
Գանձասարը պահպանել է
հոգևոր կենտրոնի իր
դերը։ Վանքն ունեցել
է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ
ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել
են հոգևոր գործիչներ, որոնք իրենց
նպաստն են բերել
Խաչենի և հարակից
շրջանների մտավոր և
մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից[։ Գանձասարը 1400 –1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո,
ցավոք, չի գործել,
և միայն հնարավոր է եղել
այն նորոգել 1993-1997 թվականներին։
Ըստ
ուսումնասիրությունների` 1214 թվականին Ներքին Խաչենի
կամ Խոխոնաբերդի իշխանություը Վախթանգ II-ից
(Տանգիկ) հետո ժառանգում է նրա
ավագ որդին` Հասան
(Հայկազ) Ջալալը և
նրանից սերված տոհմը
կոչվում է Հասան
Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան
մի շարք տիտղոսներ են տրվել`
«Մեծ իշխան», «Իշխանաց
իշխան տեր Խաչենոյ
և Առանայ», «Թագավոր
Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ»
և այլն։ Ըստ
Կիրակոս Գանձակեցու` նրա
հայրը` Վախթանգ Տանգիկը,
վախճանվելիս որդուն` Հասան
Ջալալին և իր
կնոջը` Խորիշահին, որ
Բագրատունյաց տոհմից իշխանաց
իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն
էր, կտակել է`
«զի շինեսցուք եկեղեցի
ի գերեզմանատ հարց
մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է
1216 թվականին և ավարտվել 1238-ին և
օծվել 1240-ին` Վարդավառի մեծ տոնին,
որի ժամանակ ներկա
են եղել Աղվանքի
Ներսես կաթողիկոսը, Վանական
Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի
շատ առաջնորդներ և
700 քահանա։ Սակայն խաղաղ
ժամանակներին հաջորդող դաժան
օրերի ընթացքում Մամքանի
փառաբանված ամուսինը` Ջալալը,
1261 թվականին ողբերգական վախճան
է ունենում, և
կինը որոշում է
կառուցել Գանձասարի գավիթը,
որտեղ էլ ամփոփել
են ամուսնու աճյունը։ Մխիթար Գոշը
և Կիրակոս Գանձակեցին վկայում են,
որ Գանձասարի վանքի
գավիթը եղել է
իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը
խաչվող կամարներով է
ծածկված և իր
հատակագծային-ծավալային հորինվածքով նման է
Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։
1260 թվականին Թիֆլիսը (Տփղիս)
լքած վրաց թագավոր
Դավթին` Լաշայի որդուն,
ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար
և թաթարների դեմ
ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը
ձերբակալում է թագուհի
Գոնցային, Հասան Ջալալին,
Զաքարե ամիրսպասալարի որդուն`
Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն
ազատվում են, բացի
Մեծն Ջալալից, ում
Արղունը ստիպում է
ուրանալ հավատը և
«եդեալ փայտ ի
պարանոց նորա և
երկաթ յոտս նորա»,
տանում Ղազվին (Իրան)։ Հասան
Ջալալը հավատափոխ չի
լինում, որի համար
1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ
անդամ հոշոտեցին նրան»։ Հասան
Ջալալ Դոլայի մարմնի
վրա լույս է
իջնում, և մի
պարսիկ, տեսնելով այդ,
հավատում է, որ
նա սուրբ է,
հավաքում է մարմնի
մասերը և պահում
մի ցամաք ջրհորի
մեջ։ Հասան Ջալալի
Աթաբեկ-Իվանե որդին
նահատակված հոր մասունքները բերում է
հայրենիք և ամփոփում մոր` Մամքանի`
արդեն կառուցած վանքի
գավթում։ Առ այսօր
Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է
Գանձասարի վանքի գավթում։
17-րդ
դ.-ում Գանձասարի կաթողիկոսները սերտ
համագործակցել են Արցախի
մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIIIդ. այն
դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի
Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին
համախմբվել շարժման ղեկավար
գործիչները։ Ազատագրական շարժման
կենտրոնի դերը պահպանել է մինչև
1815թ.-ը, երբ
ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ
նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ
Շուշին։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին
Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է
Հասան Ջալալ Մեծի
Ուխտը։ Ըստ Հասան
Ջալալ Մեծի 27 տողից
բաղկացած կտակի` երբ
սկսվում է Գանձասարի կառուցումը և
քարագործ վարպետները հասնում
են արևելյան լուսամուտին, մայրը` Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ` Հեղինեի
նման, գնում է
Երուսաղեմ և մինչև
իր կյանքի ավարտը
ճգնում է Սուրբ
Հարություն տաճարում։ Ըստ
իր կտակի` նա
եկեղեցիներին ազատում է
հարկերից և միաբանության կամքով և
Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը
մոտ 1400-ին դարձել
է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս
վանքում կաթողիկոսների հետ
հանդիպումներ են ունեցել
16-17-րդ դարերի հայ
ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ
շատ հիշարժան գրքեր
են գրվել` 15-րդ
դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո
պատմությունը, իսկ 18-րդ
դարում` Հովհաննես կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։
Ըստ
պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր`
Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ
ծնոտը», Լուսավորչի թոռ
Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և
այլ նահատակների սուրբ
նշխարները։
0 коммент.:
Отправить комментарий