Ստամբուլի հայ առաքելական և ավետարանական համայնքներին պատկանող դպրոցներից
բացի, հայության կրթադաստիարակչական գործում մեծ գործ են կատարել և այսօր էլ այդ առաքելությունը
շարունակում են իրականացնել հայ կաթողիկե համայնքի Մխիթարյան դպրոցները։ Մինչև Հայոց
մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում գործում
էին տասնյակ Մխիթարյան դպրոցներ։ Ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ., ոչ միայն
Արևմտյան Հայաստանի, այլև Իզմիրի և կայսրության արևմտյան տարածքներում գործող Մխիթարյան
դպրոցները հիմնահատակ ավերվեցին և ոչնչացվեցին։ Մինչդեռ Ստամբուլի Մխիթարյան դպրոցները
խուսափեցին նման ճակատագրից։
Հանրապետական
Թուրքիայի հռչակումից (1923թ.) հետո նախ արգելվեց Ստամբուլի Մխիթարյան դպրոցներում
օտարազգիների ուսում ստանալը. դպրոցները դիտվում էին որպես փոքրամասնության վարժարաններ,
ուստի, թույլատրվեց միայն հայկական ծագումով աշակերտներ ընդունել, իսկ տնօրեններ նշանակել
միայն աշխարհականների՝ հոգևորականների փոխարեն, ելնելով լաիցիզմի (աշխարհիկության)
դրույթներից։
Հետագայում՝
1942-1943թթ., Թուրքիայի կրթության նախարարությունը փոքրամասնությունների վարժարանների
փոխտնօրեններ էր կարգում հիմնականում թուրքերի, ինչը չողջունվեց թե՛ համայնքի և թե՛
Մխիթարյան հայրերի կողմից։ Կառուցվածքային տեսանկյունից հայ համայնքի դպրոցներն անընդհատ
ենթարկվել են փոփոխության, և արդյունքում՝ Մխիթարյան դպրոցները ևս կորուստներ ունեցան՝
հատկապես աշակերտների նվազման տեսքով։ Կարևոր է փաստել, որ պետությունն օրենսդրորեն
վերահսկողություն է սահմանում թե՛ դասավանդվող առարկաների, թե՛ դպրոցի ղեկավարման և
ուսուցիչների նշանակման վրա, և դա վերաբերում է կրոնական-ազգային փոքրամասնություններին
պատկանող բոլոր կրթական կառույցներին։
Այսօր
Ստամբուլում գործում են հայ կաթողիկե համայնքին պատկանող 4 դպրոցներ, որոնք ենթարկվում
են կրթության նախարարությանը։ Դրանք են՝
• Վիեննայի
Մխիթարյան միաբանության Բանկալթիի վարժարանը, որն ունի մանկապարտեզ, նախակրթարան և
միջնակարգ բաժիններ: Վարժարանը երկսեռ է:
• Բոմոնթիի
Մխիթարյան վարժարանը:
• Սամաթիայի
Անարատ Յղութեան վարժարանը:
• Բանկալթիի
Անարատ Յղութեան վարժարանը:
Վերջին ժամանակաշրջանում Ստամբուլի Մխիթարյանների մոտ ուսանելու են գալիս
ոչ միայն կաթոլիկ հայեր, այլև առաքելական համայնքի անդամներ, խառնամուսնություններից
ծնված երեխաներ։
Ի տարբերություն Բանկալթիի՝ Բոմոնթի Մխիթարյան դպրոցը վերջին մի քանի
տարիներին հայտնվել էր լինել-չլինելու խնդրի առջև։ Բանն այն է, որ դպրոցի շենքը
«1936թ. հայտարարագրի» զոհ էր դարձել։ 1936թ. հայկական, հունական և հրեական համայնքներից
պահանջվեց ներկայացնել իրենց պատկանող բոլոր համայնքային կալվածքների ցուցակը, որը
կցվեց 1935թ. ընդունված 2762 թվակիր Կալվածքների օրենքին որպես հավելված և ստացավ
«1936թ. հայտարարագիր» անվանումը։ 1936-1971թթ. զանազան դրդապատճառներով մի շարք տներ,
հողակտորներ կամ կալվածքներ կտակի, նվիրատվության կամ ուղղակի վաճառքի միջոցով փոխանցվեցին
համայնքային տարբեր խորհուրդների, սակայն, սկսած 1974 թվականից, թուրքական իշխանությունները
հայտարարեցին, որ «1936թ. հայտարարագրում» չնշված կալվածքները չեն կարող համայնքային
սեփականություն համարվել։ Դրանից հետո իշխանությունների կողմից հարուցվեցին դատական
գործեր, և Կալվածքների տնօրինության ու գանձապետարանի միջոցով այդ կալվածքները պետականացվեցին։
Մխիթարյան դպրոցները, ըստ թուրքական աղբյուրների, բավական բարձրորակ կրթություն
են ապահովում։ Վարժարանի աշակերտների բարձր առաջադիմության շնորհիվ 2012թ. Բանկալթիի
վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների շարքում հայտնվել է լավագույն տասնյակում։ Բոլոր
շրջանավարտները հեշտությամբ հաղթահարում են նույնիսկ աշխարհի լավագույն համալսարանների
ընդունելության քննությունները։
Օգտ. աղբյուրներ`
Օգտ. աղբյուրներ`
0 коммент.:
Отправить комментарий